Ոչ էն է մի բան, ո՛չ էլ` էս
24.04.2020 | 01:02
Ռուսաստանյան լրատվական գործակալություններից մեկն ամեն օր թարգմանաբար հոդվածներ է հրապարակում համաշխարհային մամուլի առաջատար թերթերից, որոնցում, որպես կանոն, շոշափվում են ընթացիկ քաղաքական կյանքի հրատապ խնդիրները: Եվ այս առումով ապշեցնում են հետկորոնավիրուսային աշխարհի փոփոխությունների վերաբերյալ վարկածները՝ այնքան տարաբնույթ, տարակարծիք, իրատեսական թե կանխատեսական, գաղտնէաբանական թե դավադրական են դրանք: ՈՒ թերևս անսովոր են թվում այն հրապարակումները, որոնցում վերահառնում է հատկապես անցյալ դարին բնորոշ՝ ժողովրդավարական ու տոտալիտար համակարգերի հակադրման, դրանց արդյունավետության համադրման թեման: Բնական է, որ ռուսաստանյան լրատվամիջոցը տալիս է նաև իր մեկնաբանությունները: Կրկնում ենք՝ այս շրջանում, կոնկրետ` կորոնավիրուսաշուրջ հենքի վրա:
Եվ այսպես համաճարակը սկզբնավորվեց տոտալիտար՝ կոմունիստական կարմիր Չինաստանում, սակայն արագորեն տարածվեց ժողովրդավարական Եվրամիությունում: Եվ թվում էր` իր գերմարդասիրական «եվրոպական արժեքներով» ինքնագովերգվող հանրությունը կդառնա մի բռունցք այդ անորոշ ծագման տարերային աղետի դեմ: Մայր ցամաքի երկրների եսասիրական պարփակվածության անակնկալ դրսևորումների հետևանքներն առաջին հերթին իր կաշվի վրա զգաց Իտալիան (մահացու վիրավորվեց, երբ Գերմանիան կանգնեցրեց բուժտեխնիկայի մատակարարումները. իտալական թերթերից մեկի արտահայտությամբ, կրկին իրենց «մակարոնակերների» տեղ դրեցին): Լավ, ու՞ր չքվեցին այն ճաճանչափայլ սկզբունքները, որոնցով միավորվում է եվրոպական հանրակցությունը, և որոնք նա անսեթևեթ փաթաթում է ուրիշների վզին՝ մարդու իրավունքներ, մամուլի, խոսքի ազատություն, ազատ տեղաշարժ, սեռական փոքրամասնությունների պաշտամունք, ընտանիք հասկացության սառեցում, երեխաների ազատ վաճառք, մարդկային հինգ սեռի, այդ թվում նաև կինարմատ տղամարդու հավաստագրում և այլն, և այլն: Որը թվարկես: «Անտեր» կորոնավիրուսը մի հարվածով մերկացրեց եվրոպացիների կողմից փառաբանվող, իսկ ըստ էության այլասերիչ այդ գաղափարների ողջ սնանկությունը, գոնե վտանգի պահին միավորվելու «ժողովրդավարական» սկզբունքի անկարողությունը: Դժվարանում ես կանխատեսել, թե ժողովրդագրական առումով մեռնող եվրոպական ազգերի համար այս կորոնավիրուսը կդառնա՞ սթափեցնող գործոն, թե եվրոպացի կանանց վերջին հույսը կշարունակի մնալ ներգաղթող տգետ, սակայն առնական մուսուլմանը:
Իսկ ինչ արեց կոմունիստական միապետական Չինաստանը: Իհարկե հնարավոր չէ, որ արևմտյան թերթերը հատուկ չշեշտեին այն ոչ ժողովրդավարական պարագան, որ պետության ղեկավարն իրենով մարմնավորում է երեք բարձրագույն պաշտոն՝ ՉԺՀ նախագահ, կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար և ռազմական խորհրդի նախագահ՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատար: Սակայն այդ նույն լրատվամիջոցները չէին կարող հուսահատ նախանձով չարձանագրել, որ երբ ՈՒհանի նահանգից տագնապալի լուրեր հասան Կենտրոն, ապա Սի Ցզինպինի աթոռանիստից հետևեցին հստակ ու անառարկելի «տոտալիտար» հրամաններ թե հրովարտակներ՝ մեկուսացնել վարակի օջախները, դադարեցնել զանգվածային միջոցառումները, բացել դաշտային հոսպիտալներ, օգտագործել ռազմավարական պաշարները, չեղյալ համարել հարկերը և այլն ու այդպես շարունակ: Եվ թող փորձեր որևէ չինովնիկ կամ քաղաքացի չկատարել այդ անվերապահ պահանջները: Ահա և, տոտալիտար ձեռքով առաջնորդվող չինացիները, առաջինը վարակվելով կորոնավիրուսով, առաջինն էլ կարճ ժամկետում հաղթահարեցին այն: Հիրավի միապետական միջոցներով ու տրամադրվածությամբ: Թքած, որ եվրոպացի լիբերալները նրանց մեղադրեցին «մարդու իրավունքների խախտման մեջ»:
Բայց սա ընդամենը պատմական մի դրվագ է և հազիվ թե տեղին է ժողովրդավարության ու տոտալիտարիզմի հակամարտությունը լուծել սուբյեկտիվորեն՝ արդարացիորեն կհնչի հակահարցը: Սակայն եկեք վերհիշենք, թե ինչ անշուք երկիր էր Չինաստանը մոտ չորս տասնամյակ առաջ և ինչի է վերածվել մեր օրերում, առնվազն տնտեսական կարողությամբ ձեռնոց նետելով մոլորակի ամենահզորին ու ամենահարուստին: Նույն «միահեծան» ուժեղ ձեռքի, եզակի աշխատասիրության ու կարգապահության շնորհիվ: Եվ եթե այսօր հրատապ են դարձել խոսակցությունները Եվրամիության կազմալուծման մասին, ապա «Չինական երազանքի» նպատակն է 2049 թվականին՝ ՉԺՀ-ի կազմավորման 100-ամյակին Չինաստանը դարձնել «հարուստ ու հզոր, ժողովրդավարական ու քաղաքակիրթ, ներդաշնակ ու արդիական պետություն»: Դե, ժողովրդավարականը՝ չինական ըմբռնումով: Առհասարակ չինական քաղաքակրթությունը խիստ ինքնատիպ և ինքնուրույն երևույթ է և շատ կողմերով անհասկանալի եվրոպական (քրիստոնեական) քաղաքակրթությանը:
Սակայն եկեք անկողմնակալ լինենք և պարզապես ներկայացնենք արևմտյան ևս մի անսպասելի դիտարկում. Սի Ցզինպինը նախապատերազմական ժամանակների օրենքներով արդեն մի քանի տարի կառավարչական կառույցները և կուսակցական ապարատը մաքրազարդում է կոռուպցիայից: Նա հսկայական ժամանակ ու ջանքեր է գործադրում պետության կառավարման համակարգը, իշխանության բարձրագույն խավերի աշխատանքը առավել կուռ դարձնելու ուղղությամբ: Կառավարող կուսակցության ներսում գործում է միանձնյա ուղղահայաց պատասխանատվության և անվերապահ կարգապահության սկզբունքը: Ռազմական բարեփոխումների շնորհիվ բանակին մատչելի են դարձել տիեզերքն ու համաշխարհային օվկիանոսը: Ասել է` մեր ժամանակներում էլ հզոր պետություն կարելի է ստեղծել ոչ միայն ժողովրդավարական, այլև տոտալիտար համակարգի միջոցով: Ճիշտ է, մաոյական կամ ստալինյան բռնություններ չկան, սակայն ինչով տոտալիտար չէ, ասենք, Սի Ցզինպինի գործելակերպը: Մոտ չորս տասնամյակ առաջ հռչակված «Չինական ազգի մեծ վերածնունդ» նպատակ-ծրագիրը իրականություն է դառնում: Եվ ոչ մի կորոնավիրուս չի կանգնեցնի այդ առաջընթացը:
Վերջում արտահայտենք զուտ «ազգային» մի նկատառում: Չինաստանում դատարանի վճռով կոռուպցիոներ ճանաչված անձին գնդակահարում են: Դատավարության ընթացքին չեն խանգարում ժողովրդավարական ոչ մի անհարկի «բացարկներ ու հետաձգումներ»: Խոսքը չի վերաբերում չինական «տոտալիտար» փորձի արտահանմանը Հայաստան: Ո՛չ, իհարկե: Կարելի է ենթադրել, որ խորհրդային տոտալիտարիզմի դեմ անձնուրաց պայքար մղած և բաղձալի անկախություն նվաճած մեր քաջարի ժողովուրդը, վայելելով իր նորանկախ ղեկավարների ժողովրդավարական-տոտալիտար (հիբրիդային) կառավարման բոլոր հմայքները, հանգած կլինի մեկ համընդհանուր հետևության. հնչեցնենք կոռեկտ տարբերակը՝ ոչ էն է մի բան, ո՛չ էլ` էս:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ